Մենք ամեն ինչ արել ենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվի թափանցիկ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ, «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Արձագանքելով դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեն կեղծվել է, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Դրա մասին խոսել եմ, ևս մեկ անգամ ասեմ նրանց համար, ովքեր չեն լսել կամ լավ չեն ընկալել, որ որոշողը ժողովուրդն է: Քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են, դրանք լինեն՝ լավ, թե վատ: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Կան դժգոհություններ, բողոքներ, թող դիմեն պետական մարմիններին՝ վերահաշվարկի կամ եթե խախտումներ կան՝ խախտումների համար»: Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ կազմակերպվել է թափանցիկ ու արդար ընտրություն: Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական տվյալները չարձանագրած նախագահ Սերժ Սարգսյանն իրողություն համարեց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, վարչապետը պատասխանեց. «Որովհետև այն արդյունքները, որոնք կան, այն դիմումները, որոնք կան, չհամաձայնելու արդյունքները, չնչին թվեր են ու չեն կարող արդյունքի վրա ունենալ որևէ նշանակություն»:
Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց, թե ընտրակաշառք է բաժանվել. «Ոչ, նման որևէ հարց չի եղել»: Հարցին՝ եթե խախտումները որևէ ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա, ինչո՞ւ են արվում, վարչապետը պատասխանեց, որ կան արջի ծառայություն մատուցողներ: «Ի՞նչ են արել, կներեք, դուք խոսում եք չստուգված փաստերի մասին, երբ դրանք կստուգվեն, կարձանագրվեն, որ եղել են խախտումներ, դրանից հետո կպատժվեն բոլոր խախտում իրականացնողները: Դրա մասին մի քանի անգամ խոսել եմ: Նույնիսկ ընտրություններից առաջ եմ ասել: Հավաքել ենք, բոլոր պատասխանատուներին զգուշացրել ենք, որ որևէ մեկն արջի ծառայություն չմատուցի։ Հիմա, եթե մարդիկ արել են, պետք է պատասխանատվություն կրեն, եթե կան այդպիսիք»,- շեշտեց Աբրահամյանը:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում ՀԿ-ների հրապարակած բազմաթիվ խախտումներին՝ վարչապետն ասաց, թե ինքը տեսել է սոցիալական ցանցերի նյութերը և չի հավատում: «Սոցցանցերում եմ տեսել, տեսել եմ, որ տարածել են շահագրգիռ մարդիկ, ովքեր ուզում են ստվերել, սևացնել ընտրությունների արդյունքները և դա որևէ հիմք չէ, որովհետև տեխնիկայի պայմաններում բազմաթիվ նկարներ են ստեղծում, գցում են սոցցանցեր: Այո, կարծում եմ, որ դրանք մոնտաժված էին, դրա համար թող պետական մարմինները ստուգեն: Եթե խախտումներ լինեն, խախտողները կպատժվեն»,- ընդգծեց նա: Իսկ ԵԽԽՎ-ի խիստ գնահատականի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց գնահատական տալ: Փոխարենը, վարչապետը նշեց, որ ինքը որպես «Այո»-ի շտաբի պետ ամեն ինչ արել է, որ ընտրություններն ընթանան անաչառ, թափանցիկ: